Թիրախային լսարան - 6-11 տարեկան երեխաներ
Որտեղ - Հովհաննես Թումանյանի թանգարանում, աշխատանքային ընթացքը՝ թանգարանի ամառային այգի
Խումբ - առավելագույնը 20 հոգի
Տևողությունը - 6 ժամ (10:30-16:30)
Նկարագրությունը - Հովհաննես Թումանյանի թանգարանում տարիներ շարունակ գործող «Բզեզի դպրոց» ամառային ճամբարը եռամսյա ծրագիր է, որի սկիզբը մեկնարկվում է յուրաքանչյուր տարվա հունիսի սկզբից և ավարտվում է օգոստոսի վերջին: Ծրագրին մասնակցել կարող են 6-11 տարեկան երեխաներ, ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի տարբեր երկրներից: Տարիների աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ ամառային դպրոց հաճախում են ԱՄՆ, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Քուվեյթից, Ավստրալիայից և այլ երկրներից ժամանած հետաքրքրասեր և կենսուրախ հայ մանուկներ: Ամառային դպրոցը, որի աշխատանքները ծավալվում են ողջ թանգարանի տարածքում, մասնավորապես՝ պտղատու ծառերով հարուստ ամառային այգում և դրան կից հարմարավետ պատշգամբում, գործում է չորսօրյա և վեցժամյա աշխատանքային գրաֆիկով:
Ծրագրի շրջանակներում մասնակից երեխաները հնարավորություն են ունենում տարաբնույթ զբաղմուքներով համատեղել օգտակարը հաճելիի հետ և արդյունքում ունենալ անմոռանալի ու հիշվող ամառային արձակուրդներ:
Ամառային դպրոցի ծրագրի հիմքում ընկած է Հովհաննես Թումանյանի մանկավարժական այն ցուցումը, որի համաձայն գիտելք ձեռք բերելու ամենահեշտ և հաճելի ճանապարհը խաղն է:
Խաղ-ուսուցման մեթոդի հիման վրա մշակված ամառային դպրոցի ծրագիրը ներառում է մտավոր և ֆիզիկական այնպիսի զբաղմունքներ, որոնք նպաստում են մարմնի և մտքի զարգացմանը: (Առողջ մարմին և առողջ հոգի):
Մասնավորապես՝ ծրագիրը ենթադրում է.
* Արտթերապիա (նկարչաթերապիա, երաժշտաթերապիա)
* «Հմուտ ձեռքեր» (օրվա թեմայի համաձայն՝ տարբեր նյութերից ու տեխնոլոգիաներով ձեռագործ աշխատանքների պատրաստում և վերջիններիս ցուցադրում)
* Հեքիաթաթերապիա (հեքիաթի ընթերցում, քննարկում և երեխաների մասնակցությամբ հեքիաթների բեմականացումներ)
* Երևակայական ճանապարհորդություն աշխարհի տարբեր երկրներով (մասնավորապես՝ Հայաստանով), ծանոթացում դրանց պատմությանը, աշխարհագրությանը, մշակույթին, արվեստին)
* Ծանոթություն մշակութային տարբեր կենտրոններում գործող վարվեցողության կանոններին
* Տաղանդների բացահայտում և «Talent show»-ի կազմակերպում
* Խաղեր (բակային, տրամաբանական, ուսուցողական, այդ թվում նաև ծանոթություն Թումանյանի հեղինակած հայրենագիտական խաղերին, որոնցից են «Հայկական առածների լոտոն», «Հանելուկների խաղը», «Դդում» գույների խաղը և այլն)
* Ծանոթություն հայ մեծերի կյանքին ու գործունեությանը
* Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի դիտում
* Վարպետաց դասեր և հանդիպումներ արվեստի և մշակույթի ներկայացուցիչների հետ
* Այցելություն թանգարաններ և մշակութային կենտրոններ, մասնակցություն թանգարանային կրթական ծրագրերին
* Ճանաչողական զբոսանքներ Երևանում
* Ամռան օրերին զովանալու հնարավորություն թանգարանի այգու կենտրոնում գտնվող ջրավազանում
* Ճաշ և քաղցր ընդմիջումներ (միրգ, քաղցրավենիք)
Նպատակ
* Զարգացնել մտավոր և ֆիզիկական ունակությունները
* Նպաստել աշխարհաճանաչողությանը
* Հետաքրքրություն ձևավորել հայրենիքի պատմության, մշակույթի նկատմամբ
* Խթանել գեղագիտական ճաշակի ձևավորմանը
* Տալ համապատասխան գիտելիքներ և հմտություններ
* Ներգրավվել թիմային աշխատանքի մեջ
* Ստեղծագործականության խթանում
* Ձևավորել թանգարան այցելելու մշակույթը
* Ինքնաարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություն
* Թանգարան այցելությունը դարձնել ոչ միայն կրթության, այլև ժամանցի վայր
Անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և գիտաօժանդակ նյութեր - մանկական գրքեր, նկարելու պարագաններ, գրենական պիտույքներ, տրամաբանական և ուսուցողական խաղեր և այլ աշխատանքային պարագաններ
Ներգրավված անձինք - ծրագիրն իրականացնողներ (2 հոգի) և հրավիրյալ մասնագետներ