ԸՆԹԱՑԻԿ ՓՈՒԼԵՐ
«Ընտանեկան փոստարկղ» մշակութակրթական ծրագիրը բաղկացած է 3 հիմնական փուլից:
Նախապատրաստական փուլ
Նախապատրաստական փուլում կազմակերպվում է ուսուցչի այցը թանգարան, կամ վերջինիս հետ նամակագրական կապ է հաստատվում:
Թանգարանի աշխատակիցը ուսուցչին ուղարկում է կրթական ծրագրի ծանոթագրությունը, որին ուսուցիչը պետք է ծանոթանա կարճ ժամանակահատվածում և, հաստատելով մասնակցությունը ծրագրին, ներկայացնի մասնակիցների անվանացանկը: Անվանացանկը ստանալուց հետո թանգարանի աշխատակիցները սկսում են նախապատրաստական աշխատանքները:
- Կրթական ծրագրին նախապատրաստելու համար ուսուցչին ուղարկվում է տեսական նյութ:
- Կրթական ծրագրի համար առանձնացված և թեման բացահայտող նամակները հասցեագրվում են՝ ըստ նախապես ուղարկված անվանացանկի (Նամակների և ծրարների արտաքին տեսքը բնորոշ է Թումանյանի ապրած ժամանակաշրջանին):
- Նամակներն իրենց տեղն են գտնում փոստարկղում:
- Ուսուցչի հետ հստակեցվում է փոստարկղի առաքման ժամանակացույցը:
Գործնական փուլ 1
Փոստարկղը դպրոց է ուղարկվում հատուկ անձի կամ ուսուցչի միջոցով:
Կրթական ծրագրի անցկացման վայրը ընտրում է ուսուցիչը:
Ուսուցիչը պետք է հետևի թանգարանի կողմից սահմանած գործողությունների հերթականությանը, որը ենթադրում է.
1. Արկղի մասին հետաքրքրաշարժ տեղեկատվություն: (Նամակներով լի արկղը ժամանակի մեքենայի միջոցով իր լսարանին մտովի կտեղափոխի թումանյանական ժամանակաշրջան):
2. Արկղը բացող բանալու ցուցադրում:
3. Թանգարանի կողմից կնքված արկղի բացում:
Այնուհետև ուսուցիչը խնդրում է երեխաներին մոտենալ արկղին, որից հետո բացում է այն: Մինչ նամակները հասցեատերերին բաժանելը՝ ուսուցիչը կարդում է մասնակիցներին ուղղված Թումանյանի «հորդորը».
«Ձեզ եմ դիմում, սիրելի աշակերտներ: Նստեցեք, կարդացեք, խորացեք, մի հարցով զբաղվեք… Մարդը լավ բաներով պիտի հետաքրքրվի, հետաքրքրությունն էլ պիտի լուրջ լինի. գեղեցիկ շրջանակի մեջ դնի ու վերջակետին հասնի: Ինչքա՜ն բան կարելի է անել. առաջին քայլն է դժվար, երկրորդն ինքն իրեն կգա»:
4. Թումանյանի «հորդորը» հանդիսավոր ընթերցելուց հետո ուսուցիչը նամակները բաժանում է հասցեատերերին: Վերջիններս բացում են, կարդում, և սկսվում է ակտիվ քննարկում:
Նամակների ընթերցումից և քննարկումից հետո ծրագիրը կարող է ավարտված համարվել:
Նախատեսվում է նաև ծրագրի 2-րդ փուլ:
Գործնական փուլ 2
1.Նախատեսվում է ծնողների ներգրավվածություն ծրագրին, որի շրջանակում մասնակիցների հայրիկները, հետևելով Թումանյանի օրինակին, սահմանված ժամանակահատվածում նամակներ պետք է գրեն իրենց զավակներին:
2.Երեխաներն իրենց հայրիկներից ստացած նամակները գցում են փոստարկղի մեջ և այն հետ են ուղարկում թանգարան:
3. Հանդիպման հաջորդ վայրը թանգարանն է:
4. Թանգարանում՝ համապատասխան միջավայրում և մթնոլորտում, կկազմակերպվի նամակների ընթերցում և քննարկում: