Սովորել է Ներսիսյան դպրոցում: 1916թ. զորակոչվել է բանակ, ծառայության անցել Թիֆլիսի կայարանում: Առաջին հանրապետության տարիներին եղել է Պառլամենտի դիվանատան վարիչ: 1921-1924 թթ. սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Այստեղ անդամագրվել է ֆրանսիական կոմունիստական կուսակցությանը: 1923թ. մեկնել է Բեռլին` կազմակերպելու Մոսկվայից հիվանդ հորը գերմանական կլինիկա տեղափոխելու հարցերը: Վերադառնալով Թիֆլիս` աշխատանքի է անցել Անդրկովկասյան երկրկոմի մամուլի թարգմանական բաժնում` որպես վարիչ: Բազմաթիվ թարգմանություններ է կատարել Թագորի («Մահիկը», «Պարտիզպանը» (առաջին անգամ տպագրվել են Վիեննայում), Լերմոնտովի, Պուշկինի ստեղծագործություններից: 1930-ին ամուսնացել է հոր մտերիմ ընկերներից մեկի դստեր` Թամար Անդրեասյանի հետ: Ունեցել է մեկ դուստր` Նեկտար: 1935 թ. Խորհրդային ռեժիմի կողմից վեցամսյա ձերբակալությունից հետո, մտածելով փրկել ընտանիքը ստալինյան բռնապետական մեքենայից, ապահարզան է տվել կնոջը: Բերիայի հրամանով նորից է ձերբակալվել 1937-ին և գնդակահարվել 1938-ին` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը:
1955-ին հետմահու արդարացվել է: